Աստծու տաճարի վրա ձեռք բարձրացնելը նույնն է՝ հենց Աստծուն հայհոյել․ Տեր Մինաս քահանա Մարտիրոսյան
Հասարակություն
18:17 14/07/2025
Հայաստան

Աստծու տաճարի վրա ձեռք բարձրացնելը նույնն է՝ հենց Աստծուն հայհոյել․ Տեր Մինաս քահանա Մարտիրոսյան

«Սուրբ գիրքը շատ խիստ է զգուշացնում մարդկանց ՝ օծյալների դեմ և Աստծո սրբարանի դեմ որևէ հանդգնության, որևէ հարձակման, որևէ ակնկալիքի, որ այն պիտի տապալի»,- այս մասին ասաց Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը։

Տեր Մինասը բերելով սուրբ գրքից Դավիթ թագավորի օրինակը, որը հալածվում էր Սավուղ թագավորի կողմից, նշեց․

«Սավուղն Աստծո օծյալն էր՝ Իսրայելի առաջին թագավորնը։ Երկու անգամ Դավիթը հնարավորություն է ունենում պարզապես վնասազերծելու, պարզապես ազատվելու իր ախոյանից, իր թշնամուց և ինքը մի փոքր նշան թողնելով, հեռանում է և հեռվից ցույց է տալիս ու ասում է՝  ինքը կարող էր, բայց որևէ ոտնձգություն չարեց արքայի նկատմամբ, օծյալի նկատմամբ։ Սա մեզ խրատ է, սա մեզ օրինակ է, որ որևէ մեկը լինի աշխարհական, լինի օծյալ, մեկ ուրիշ օծյալի դեմ պետք չէ, որ ձեռք բարձրացնի, պետք չէ, որ որևէ վնաս տալու հավակնություն ունենա»։

Մեկ այլ օրինակ բերելով,այս անգամ Հայող եկեղեցու հետ կապված, Տեր Մինասը նշեց՝ Աստծու տաճարի  վրա ձեռք բարձրացնելը նույնն է՝ Աստծուն հայհոյել։

«Սոցիալիստական կարգերի ժամանակ, Սովետական Միության դեռևս այն վերելքի ժամանակ տեղի ունեցած մի երևույթ է Երևան քաղաքի եկեղեցիներից մեկի նկատմամբ՝ Սուրբ Պողոս Պետրոս եկեղեցու,որն այսօրվա Մոսկվա կինոթատրոնի տեղում էր կառուցված, և կառավարության որոշումով այն պետք է քանդվեր։ Առանձնացնում են մի բրիգադ, որ պետք է այդ քանդման գործողությունները իրականացներ։Եվ այդ բրիգադի աշխատակիցներից մեկը, որ բարեպաշտ և աստվածավախ մարդ էր, հրաժարվում է մասնակցել այդ քանդման աշխատանքներին։ Բրիգադը կատարում է իր գործը, այս մարդը չի մասնակցում, որոշ ժամանակ անց նրանց մեկ ուրիշ աշխատանքի են ուղարկում, մի կաթսատան վրա պիտի աշխատեին։ Այս անձը, որ հրաժարվել էր նախկինում այդ սրբապիղծ գործողությունը կատարելու մասնակցելուց, այդ օրը հիվանդ էր և չի մասնակցում այդ աշխատանքներին, որը պետք է կատարվեր կաթսայատանը։ Աշխատանքների ընթացքում կաթսայատունը պայթում է և ամբողջ բրիգադը զոհվում է։ Այս մարդը փրկվում է։ Սա Աստծո նախախնամությունն է, սա Աստծո տնօրինությունն է, որ Աստված ցույց է տալիս, որ ձեռք բարձրացնել Աստծու տաճարի սրբարանի նկատմամբ,դա նույնն է, որ հենց Աստծուն հայհոյել»,- պատմեց Տեր Մինաս քահանա Մարտիրոսյանը։

Աղբյուրը`Panorama.am
Placeholder
Աստծու տաճարի վրա ձեռք բարձրացնելը նույնն է՝ հենց Աստծուն հայհոյել․ Տեր Մինաս քահանա Մարտիրոսյան